«Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել և պետական գրանցում է ստացել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» ՍՊԸ-ն, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր:
Մասնավոր գործընկերոջ հետ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից թվայնացված և արդյունավետ կարգավորման մեխանիզմ և վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես՝ 3 ուղղություններով.
- ապահովել իրական ժամանակում խաղային մոնիթորինգ.
- սահմանել և կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների, մի շարք այլ խմբերի՝ խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել սահմանափակումները թվային միջավայրում.
- սահմանել արդար և պատասխանատու խաղային կանոններ»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:
Ըստ նրա՝ խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է, հաղթող ընկերությունը էլեկտրոնային համակարգը պարտավոր է ներդնել 6-ամսյա ժամկետում:
Վարչապետ Նիկկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են այս օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով:
«Կարճ ասած՝ ինչ տեղի է ունենալու խաղային ոլորտում, ամբողջ համակարգը գործելու է պլատֆորմի միջոցով, այսինքն՝ խաղադրույք կատարել, շահում ստանալ և այդպես շարունակ:
Մենք առաջինը ստվերն ենք բացառելու, երկրորդը՝ այն պարագայում, երբ մարդկանց սահամանփակումներ ենք դնում, որ չեն կարող խաղադրույք կատարել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, քանի որ այն սահմանված է, բայց շատ դեպքերում մենք չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով: Երրորդն այն է, որ որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու: Ընդհանուր առմամբ դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու»,- ասաց Փաշինյանը: