Կառավարությունը սահմանել է կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր

առավարությունը սահմանել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը և հաստատել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը:

Որոշմամբ նախատեսված կարգավորումներն ուղղված են նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները, ինչպես նաև բարձր կրթաթոշակների միջոցով լրացուցիչ խթանող քայլերի՝ առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները (մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների): Այս ուղղություններով ուսանողների համար կսահմանվի 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց սովորելու դեպքում՝ 77 հազար դրամ։ Որոշման նպատակն է նաև հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր, որոնք կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Նախատեսվում է, որ 2023-2024 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169:

«Պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետև մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Հետևաբար, կարելի է պնդել, որ դա որևէ էական ազդեցություն չի կարող թողնել ո՛չ կրթության մատչելիության, ո՛չ էլ կյանքի որակի վրա: Միաժամանակ, այն արժենում է պետությանը զգալի միջոցներ։ Եվ որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրն, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու գործընթացի կանոնակարգումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրումը: ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին 50000 ՀՀ դրամի չափով, իսկ ով կունենա գերազանց առաջադիմություն՝ լրացուցիչ կտրամադրվի ևս 5000 դրամ կրթաթոշակ: «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմություն դեպքում կտրամադրվի կրթաթոշակ 25000 ՀՀ դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այս թեմայով քննարկումները սկսվել են՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարության նախագծի ձևավորման շրջանակում. «Կարծում եմ՝ կարևոր որոշում ենք կայացնում: Այսինքն՝ «բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը փոխարինում ենք ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։ Մեր ունեցած գումարները կենտրոնացնում և ծախսում ենք ավելի նպատակային»:

Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետագայում այս ոլորտում այլ քաղաքականություն իրականացնել՝ կրթաթոշակի տրամադրումը պետք է կապված լինի կրթության որակի հետ. «Քաղաքականությունը պետք է սրբագրենք, որովհետև պետք է կապ տանք կրթության որակի հետ։ Մենք մարդուն արդեն վատ մեսիջ ենք տալիս՝ հաշմանդամություն ունես, դրա համար կրթաթոշակ ես ստանում: Մեր մեսիջը պետք է լինի հետևյալը՝ կրթաթոշակ եմ ստանում, որովհետև լավ եմ սովորում։ Եթե մարդ սոցիալական խնդիր ունի, թող դրանով զբաղվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ն որոշում կկայացնի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում այս նույն մոտարկված համակարգը ներդնելու համար։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ