Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար․ նախարար

Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի հայտնի խնդիրներին:

«Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ (խմբ. – Կապանից Գորիս տանող), որը լավը չէ, բայց որը աշխատող ճանապարհ է, և վատագույն դեպքում մենք, այսպես ասած, «Պլան Բ»-ն ունենք: Մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ ճանապարհն անցնելու համար դառնա ավելի հարմար: Ինչպես նաև գիտեք, որ «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի առումով արդեն շատ մոտ ենք գործնական, խոշոր քայլեր անելուն: Կառավարությունն, իմիջիայլոց, նախատեսում է մոտավորապես 1 մլրդ դոլար (487 մլրդ դրամ) ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ», – լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:

Քերոբյանը չի կարծում, թե միջպետական ճանապարհին Ադրբեջանի առաջացրած խնդիրների պատճառով Իրանը կդադարեցնի բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով՝ դեֆիցիտ առաջացնելով տնտեսության մեջ:

«Ես շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա: Իհարկե, խոչընդոտ է առաջացել, և վստահ եմ՝ այդ խոչընդոտը կհաղթահարվի շատ մոտ ապագայում», – նշեց նախարարը:

Խնդիրները Սյունիքի միջպետական ճանապարհին սրվել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո իր հսկողության տակ անցած Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածները:

Սեպտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը:

Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում