Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: Ընդհանուր՝ բանկերը վարկավորել են 83 մլրդ դրամ ծրագրի իրականացման համար: «Մենք ծրագիրը սկսել ենք 2022 թվականի հունիսի 1-ից, և այս պահի դրությամբ ծրագիրը դադարեցվել է: Վերջին վարկավորումը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին՝ ընդհանուր 83 մլրդ դրամ պորտֆելով»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է այն պայմանները, որ ծրագիրն ընդունել են. «Առաջին հարթությունը կապված էր դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հետ, և մենք այն ժամանակ աշխատանքային անունը դրել էինք բնակարանների ռենովացիայի ծրագիր: Մենք այս ծրագրով ուզում էինք ուղղորդել, որպեսզի քաղաքացիները վարկեր վերցնեն և, հատկապես, մարզերում առանձնատները վերակառուցեն: Երկրորդ ուղղությունն ընդհանրապես էներգաարդյունավետություն ապահովելու համար էր, որովհետև էներգաարդյունավետություն ապահովելը նշանակում է փաստացի եկամուտ ապահովել ընտանիքին: Երրորդ ուղղությունն այն էր, որ երբ այս բնակարանների նորոգման մեծ ծրագիրն իրականացնենք, արտագնա աշխատանքի մեկնող մեր բազմաթիվ հայրենակիցների համար կբացվեն աշխատատեղեր»:

Ամփոփելով ծրագիրը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ փաստացի, ստացվում է, որ այս ծրագրերի շրջանակում 30 հազար շահառու վերանորոգել է իր բնակարանը: «Ընդհանուր առմամբ, բյուջեն՝ մոտավորապես 83 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ մենք 2022 թվականից ավելի քան 200 մլն դոլար ներդրում ենք իրականացնել, աջակցել ենք ՀՀ քաղաքացիներին և էներգաարդյունավետություն ենք ապահովել»,- ասել է վարչապետը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ