Կապանցի երկու տղամարդկանց հրազենային վնասվածքներ պատճառած երիտասարդը կալանավորվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հիվանդանոց տեղափոխվածները հանդիպել են 40-ամյա տղամարդու ծանոթին, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրազենից, դեռևս չպարզված պատճառով, կրակել է կապանցի տղամարդկանց Honda CRV մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և ԱԱԾ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրազենային վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նրա հալիձորցի մտերիմը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՍ 74-ՈՒ» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ նշված ինքնաձիգից է կրակոցն արձակվել:

Ժամը 04.42-ին 32-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանել կատարածը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:

32-ամյա տղամարդը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ