Կանադայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն:

«Հայաստանը նաև Կանադայի կարևոր գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում, և մենք կշարունակենք աշխատել հայաստանցի պաշտոնյաների հետ՝ պաշտպանելու մարդասիրական լիարժեք հասանելիությունը և ապահովելու մարդու իրավունքների հարգումը տարածաշրջանում»,-ասել է Մելանի Ժոլին։

Նշվում է, որ Ժոլին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։

«Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարը նաև քննարկելու է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները հոգալու ուղիները։

«Մելանի Ժոլին նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտողականության կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ»,- ասված է աղբյուրում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան