Կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին:

Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան