Ծանր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է. քրեական վարույթը շարունակվում է

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ 18 և 42 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում Այնթապ գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը, երկու որդիները և նրանց 10-ից ավելի ընկերները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված հայր և որդու ու նրանց ազգականի հետ, որի ընթացքում իրենց հետ նախապես վերցրած դանակով, գարեջրի կոտրած շշերով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրանց:

18-ամյա երիտասարդը մարմնի տարբեր մասերում ստացել է կտրած-ծակած թափանցող բազմաթիվ վնասվածքներ, մարմնական վնասվածք է ստացել նաև նրա 42-ամյա հայրը: Հետագա միջոցառումներով այնթապցի 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տուժող 42-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ իր որդուն դանակով հարվածներ է հասցրել ձերբակալված 53-ամյա տղամարդու 26-ամյա որդին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 26-ամյա երիտասարդին, հանցագործության մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 8-ի ժամը 5.30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 18-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է: Մասիսի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան