Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարմն և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է: Վարդանյանն անդրադարձավ, թե ինչու են առաջարկում երկարաձգել մասհանումների ժամկետը: Նա նշեց, որ ծրագրի իրականացման ժամանակ դեռևս 2017-ին նախորդ կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվեն ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորությունները: «Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան: Ծրագիրը կասեցվել էր, քանի որ նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացումը՝ վրացական և ռուսական էներգոհամակարգերին, այսինքն սինքրոն կապի միջոցով»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էներգոհամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման, այս ծրագիրը լուծելու է նաև անվտանգության խնդիր: Վարդանյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում կկիրառվի տուգանք:

Նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց միաձայն` 72 «կողմ» ձայներով:

 

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում