ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել  կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ:

«Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են: Խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը: Խաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը։ Նրանք պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները: Մաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկա: Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածը: Ըստ այդմ, վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը: Խաղաղապահները ուղեկցել են 3500 ավտոմեքենա:

Բացի այդ ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այդ մասնագետները արդեն սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը: Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,- նշել է Շոյգուն:

Իր ելույթի ավարտին Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուս զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան