ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի

Ազգային ժողովում քննարկվել է Կառավարությունը ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց` նախագիծը երեկ արդեն քննարկվել է, առանձին քննարկում եղել է նաև հանձնաժողովի նիստում:

Նախարարի խոսքով՝ նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, հընթացս տարբեր տեսակի սոցիալական աջակցությունների, մենք պետք է հնարավորություն ընձեռենք, որպեսզի կարողանան արագ ընթացակարգով իրացնել իրենց սոցիալական տարբեր երաշխիքներ՝ նպաստներ, թոշակներ, ստանալու իրավունքը

«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը տալ որոշակի լիազորություններ՝ թոշակի հաշվարկման, նշանակման, բազաներին տիրապետելու առումով, և, այս նպատակին հետամուտ՝ նախագծով առաջարկում ենք բոլոր այն դեպքերում, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, առցանց հարթակի դիմումի հիման վրա շարունակեն ստանալ, իսկ նրանք, որ նոր պետք է իրավունք ստանան, կդիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, կվարվի համապատասխան աշխատանք, և կստանան իրենց թոշակները և նպաստները»,- հայտնեց Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգում ծառայած անձանց, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի կատարողի՝ զինվորական կենսաթոշակի իրավունքին, նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում նույնպես կունենան զինվորական կենսաթոշակի իրավունք:

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զինպարգևավճարներ և պատվովճարներ նշանակելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ: Մենք երեկ նաև առաջարկել ենք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, կարգավորումը ներառվում է այս նախագծում և հնարավորություն կտա այդ պատվովճարները և պարգևավճարները ստանալ»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Կառավարության որոշումների փոփոխություններով կպարզեցվեն և կհստակեցվեն նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը:

Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանը նշեց՝ նախագծի փաթեթի նպատակն է հնարավորություն ընձեռել Կառավարությանը լիազոր նորմ սահմանել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կարողանան ապահովել կենսաթոշակների, նպաստների վճարումը՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել