Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը, անդրադառնալով Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկքնվի: «Որոշվել է արագացնել ապրանքների ցուցակը կազմելու գործընթացը: Երկու կողմն էլ ընդգծել են, որ մինչև 2022 թ. տարեվերջ պետք է կարողանանք ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրել: Միաժամանակ, հաշվի առնելով Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման կարևորությունը, այդ առնչությամբ ևս քննարկումներ են եղել: Որոշվել է ԵԱՏՄ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջև համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործարկման համար ստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը»: Փեյմանփաքը շեշտել է, որ Հյուսիս-հարավի շնորհիվ ԵԱՏՄ-ից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով: Այդ մասին հայտնել է «ԻՍՆԱ» գործակալությունը:
Իրանի մաքսային ծառայութան խոսնակի հաղորդմամբ՝ 2020 թ․ մարտի 20-ից 2021 թ․ մարտի 20-ը Իրանի և ԵԱՏՄ միջև առևտուրը կազմել է 5,6 մլրդ դոլար, որից 1,2 մլրդ-ը՝ Իրանից ԵԱՏՄ արտահանումը: Մասնավորապես՝ Իրանից ՌԴ է արտահանվել 583 մլն դոլարի ապրանք (15% աճ), Հայաստան՝ 302 մլն (0.5% անկում), Ղազախստան՝ 188 մլն (13% աճ), Ղրղզստան՝ 78 մլն (72% աճ), Բելառուս՝ 16 մլն (20% անկում):
Իրանից ԵԱՏՄ ներկրումը կազմել է 4,4 մլրդ: Ռուսաստանից Իրան ներկրումը կազմել է 4 մլրդ (92% աճ), ինչը ԵԱՏՄ-ից Իրան ներկրման 91 տոկոսն է: Ղազախստանից Իրան ներկրումը կազմել է 379 մլն (88% աճ), Բելառուսից՝ 28 մլն (8% անկում), Հայաստանից՝ 9,7 մլն (24% անկում), Ղրղզստանից՝ 1,6 մլն (35% անկում):

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից