Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. դեսպան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին երկու տարիների ձեռքբերումները առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, մտքեր փոխանակել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ:

Մհեր Գրիգորյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Related posts

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին