Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին աջակցելու մասին հայտարարությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, նա այս մասին ասել է վիճելի հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության ֆոնին։

Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա, ասել է խոսնակը:

Իրանը դատապարտում է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» (չակերտները՝ Tert.am) և աջակցում կովկասյան երկրների միջև վեճի խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան, ասել է Կանանին։

Իսլամական Հանրապետությունը, հավելել է նա, ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծելու տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով, որում ներկայացված են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Իրանցի պաշտոնյան մատնանշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեին արված հայտարարությունները, որոնց միջոցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։

Նա ասել է, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները տարբեր քաղաքական, ռազմական և անվտանգության մակարդակներում կապի մեջ են Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաների հետ՝ ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն և բարեկամություն, ինչին աջակցել է Իսլամական Հանրապետությունը։

«Սակայն մեզ համար անհասկանալի է նրանց անհանգստության պատճառը Հայաստանի հետ մեր բարիդրացիական մակարդակով բնական շփումների վերաբերյալ»,- ասել է Քանանին:

ԱԳՆ խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջին զորավարժանքները սովորական և նախապես ծրագրված քայլ էին, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով տեղեկացվել էր շահագրգիռ հարևաններին։

Related posts

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել