Իսրայելը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Իրանի տարածքից

Իսրայելական զինված ուժերը Իրանի դեմ գիշերային հարձակման ժամանակ կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք գործարկվել են անմիջապես Իրանի տարածքից։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ իսրայելական «Մոսսադ» հետախուզությունը դեռ վաղուց Իրանի դեմ ռազմական գործողություններից առաջ գաղտնի կերպով բազա է հիմնել Թեհրանի մերձակայքում, որտեղ տեղակայվել են դռոն-կամիկաձեներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես է դռոն-կամիկաձեն խոցում Իրանի հակաօդային պաշտպանության կայան։

Իսրայելացի լրագրող Ամիթ Սեգալը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նաեւ, որ Իսրայելը Իրանի տարածքում թաքցրել է հրթիռներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր խլացնող սարքեր։

Ինչպես գրել է «Խորհրդարանական թերթը», Իսրայելը հարձակվել է Իրանի վրա հունիսի 13-ի գիշերը։ Հարվածների արդյունքում խոցվել են Իրանի միջուկային ծրագրի մի շարք օբյեկտներ, զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին եւ առնվազն վեց միջուկային գիտնական։ Իրանի միջուկային ծրագրի ղեկավարը՝ Ալի Շամխանին, ծանր վիրավորվել է իր տան վրա հասցված հարվածի հետեւանքով։

«Իրանն ընդհանրապես ցանկություն չունի պատերազմել, որը մեծ կորուստների է բերելու, սակայն հանդուրժել նման վնասը՝ հասցված մի ինքնիշխան եւ հզոր զինված ուժեր ունեցող պետությանը, ըստ էության, անհնար է», – հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի սենատոր Անդրեյ Կլիմովը «Խորհրդարանական թերթին»։ Նրա կարծիքով՝ Իրանն իր պատասխանը կտա։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը