Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. Սենատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարևորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից:

Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին:

Կարևորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը` Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը` հավելելով, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհետ կորած համարվողների հարցը:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները