Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ:

«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ և վերջինիս հետ ունենալով գաղափարական թշնամանք, գիտակցելով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։

Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, նշված անձը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված՝ Հ.Ղ-ի կողմից հանցանք կատարելու մասին վկայող բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հ. Ղ-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են ծավալուն միջոցառումներ՝ նաև վերոնշյալի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում