Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

«Արմավիր» բժշկական կենտրոնից պարզաբանել են, թե ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է տրվել։

«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00, Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։

Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում՝ կեսարյան հատմամբ՝ փրկելով ծննդկանի և նորածնի կյանքը։

Քանի որ ծննդաբերությունը եղել է վաղաժամ, նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։

Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինը աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։

Նորածնի սեռը արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։

Ծննդկանի հարազատները տեղեկացվել են նաև ծննդկանի վիճակի, նորածնի քաշի, հասակի, անհասության մասին։ Նրանց հայտնել են նաև, որ անհրաժեշտություն կա նորածնին տեղափոխել Երևանյան կլինիկա, և Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ՝ նորածնին տեղափոխելու համար։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, նորածնի տատիկը, մոտենալով օպերատորին, տեղեկացնում է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես, և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրում է նորածնի անունն ու ազգանունը, իսկ օպերատորը, անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով, «Արմեդ» համակարգում երեխայի սեռը նշում է արական։

Հաշվի առնելով թույլ տրված անփութությունը՝ մեր թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել այն»,- ասված է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա էր տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։

Դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի՝ արական սեռի լինելու փաստը, և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան աղջիկ է:

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան