«Իմ քայլն» առաջարկում է հունվարի 1-ից վերացնել կարմիր գծեր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել ավտոկայանման կարմիր գծերը: Համապատասխան օրենսդրական նախագիծն այսօր խորհրդարանին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Ինչպես գիտեք, քաղաքացիներից շատերն այսօր արդարացիորեն դժգոհում են, որ իրենք ստանում են երկու լուսանկար, որոնց վրա պարզապես ժամեր են գրված լինում, և նշում են, որ իրենք այդքան ժամանակով չեն կայանել»,- ասաց Գաբրիելյանը՝ հույս հայտնելով, որ կարմիր գծերի վերացումը թույլ կտա վերացնել քաղաքացիների դժգոհությունը:

Գաբրիելյանը շեշտեց, որ քաղաքապետարանը ևս կողմ է նախագծին: Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանն ունի նաև նախադեպային որոշում, որով պաշտպանվել է քաղաքացու իրավունքը:

Նախագծի ընդունման դեպքում կարմիր գծեր կմնան միայն Կենտրոնում ու Արաբկիրի որոշ հատվածներում:

«Քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ առկա կլինի 15 րոպե կայանելու փաստը հավաստող տեսանյութը: Մնացած բոլոր դեպքերում քաղաքապետարանն այլևս իրավասություն չի ունենա այն շրջիկ մեքենաների միջոցով տուգանելու»,- ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը հայտնեց, որ քաղաքապետարանն արդեն մասնավոր ընկերության հետ ունի կնքված պայմանագիր:

Օրենքը նախատեսվում է կիրառել 2021 թ-ի հունվարի 1-ից:

 

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է ռուսական «Էնգելս» և «Դյագիլևո» օդանավակայանների վրա հարձակումների մասին