Ժաննա Անդրեասյանը Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: Նախկին երեքի փոխարեն վերակառուցվող դպրոցն ութ մասնաշենք կունենա` հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Դպրոցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից: Աշխատանքների զգալի մասն իրականացվել է, սակայն, ըստ շինարարների՝ ավարտի և շահագործման համար շուրջ 6 ամիս կպահանջվի:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառն Արտաշատի ավագ դպրոցում էր, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Շինարարների ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, նրան ներկայացվել են խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական քննարկումներ և լուծումներ: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:

Հաջորդիվ՝ Ժաննա Անդրեասյանն այցելել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ: Նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքային և գույքային պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքներում նախարարն ուշադրություն է հրավիրել ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքների իրականացմանը՝ շեշտելով, որ լաբորատորիաներն անպայման պետք է ապահովված լինեն հոսող ջրով:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հովտաշատի միջնակարգ դպրոցում էր, որը ևս վերակառուցվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով և կունենա 6 մասնաշենք: Շինարարության հարցերով պատասխանատու ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում վերակառուցման աշխատանքներն իրականացվել են շատ բարձր տեմպերով: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել հաջորդ տարի: Ավելի քան 650 սովորողի համար նախատեսված դպրոցն ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, կունենա ֆուտբոլի խաղադաշտ, գրադարան, լաբորատորիաներ և այլն:

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում վերանորոգվող դպրոցների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է մոտակա բնակավայրերի դպրոցներում․ աշակերտների տեղափոխությունն իրականացվում է պետության կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով:

ԿԳՄՍ նախարարի աշխատանքային շրջայցն ավարտվել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկի ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը, որոնք համապատասխան միջավայր են ստեղծելու որակյալ կրթության կազմակերպման համար։

Նշենք, որ վերոնշյալ բոլոր դպրոցների հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում