Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Պեկինի միջազգային օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել է փոխնախագահ Հան Չժենը, ներկա են եղել նաև Չինաստանում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պերդյուն և Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Շիե Ֆենը: Ինքնաթիռի մոտ սպասում էր պատվո պահակախումբը, Թրամփին դիմավորել է նաև 300 չինացի դեռահաս, որոնք թափահարել են ԱՄՆ և Չինաստանի դրոշները և գոռացել «Բարի գալուստ», երբ նախագահը դուրս է եկել ինքնաթիռից և անցել կարմիր գորգով՝ Հան Չժենի ուղեկցությամբ:

Թրամփի հետ Չինաստան է այցելել որդին՝ Էրիկ Թրամփը, և նրա կինը՝ Լարա Թրամփը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահին պաշտոնապես կընդունի հինգշաբթի:

The Washington Post (WP)-ն հաղորդել է, որ առաջնորդները կքննարկեն Իրանի և էներգետիկայի, առևտրային և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների վերաբերյալ հարցեր: Միևնույն ժամանակ, ըստ թերթի, ամերիկացի առաջնորդները հույս ունեն պահպանել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև փխրուն առևտրային հրադադարը, որպեսզի Չինաստանը շարունակի հազվագյուտ մետաղների մատակարարումները, իսկ Թրամփն իր հերթին ձեռնպահ մնա չինական ապրանքների համար չափազանց բարձր մաքսատուրքերից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ նախատեսել է Չինաստանի նախագահի հետ քննարկել նաև Թայվանին ամերիկյան զենքի վաճառքի թեման, ինչը մտահոգություն է առաջացրել Թայպեյում և ասիական դաշնակիցների շրջանում, հաղորդել է The Financial Times (FT)-ը։

«Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցները խորապես մտահոգված են, որ նախագահ Թրամփը կհամաձայնի Սի Ծինփինի խնդրանքին՝ հետաձգել Թայվանին զենքի վաճառքը»,- գրում է թերթը։

Սպիտակ տունը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան այցը չի հանգեցնի Թայվանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության, հաղորդում է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով աղբյուրին։

Related posts

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը