Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է. Արցախի ԱԳՆ

Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ: Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զենք և զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար: Մասնավորապես՝ աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաև չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը՝ Ադրբեջան և Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային և վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-նշված է հայտարարությունում:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին