Էրդողանը վերահաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպելու պատրաստակամությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Անկախ նրանից, թե ով է իշխանությունն այդ երկրում, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին և´ լավ, և´ դժվարին ժամանակներում»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ողջունում է երկրում իշխանության գալուց հետո Թալիբանի առաջնորդների չափավոր և հավասարակշռված հայտարարությունները:

Թուրքիայի ղեկավարը հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:

«Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ կարող ենք ընդունել Թալիբանի առաջնորդներին: Մենք այսօր նույնպես պատրաստ ենք»,- նշել է նա։

Ըստ Էրդողանի՝ Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կարող է ամրապնդել այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում և հեշտացնել նրա գործը:

Էրդողանը անդրադարձել է նաեւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության թեմային:

Նրա խոսքով ՝ Անկարան իր ծրագրերը կառուցում է «նոր իրողություններին» համապատասխան:

«Թուրքիան շարունակում է այս հարցի շուրջ բանակցությունները՝ ելնելով իրավիճակի զարգացումներից»,-հայտնել նա:

Էրդողանի փոխանցմամբ՝ այս պահին, ընդհանուր առմամբ, Աֆղանստանից տարհանվել է Թուրքիայի 522 քաղաքացի:

Երկրի ղեկավարը նաև հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս շաբաթվա վերջին կայանալիք բանակցությունների մասին:

Related posts

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք