ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը հուլիսի 30-ին ընդունել են Wildberries առևտրային հարթակի ներկայացուցիչներին։
Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։
Wildberries-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։
Wildberries-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։
Գործընթացի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։