Զարգացումները ՀՀ կողմից տարվում են ճիշտ և ավելի ամուր դիրքերից, քան սպասելի էր բոլորի համար. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութին:
«Կարճ՝ երեկվա մասին:
1) Ադրբեջանական ցանցը Հայաստանում՝ իր ուղղակի կամ անուղղակի գործակալների միջոցով, տարածում է հայ-ադրբեջանական ընդհարման տեսանյութից մի կտոր, որտեղ երևում է, թե ոնց են ադրբեջանական զինվորները լկտի պահում իրենց մեր զինվորների նկատմամբ, բռնություն գործադրում: Կադրից դիտավորյալ դուրս է թողնվում մեր տղերքի «արձագանքը», որպեսզի մաքսիմալ շահարկման թեմա դառնա, որպեսզի հնարավորինս նսեմացված զգանք մեզ և, բնական է, մեղավոր փնտրենք:
2) ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական այս հարձակումների ֆոնին երեկ՝ մայիսի 19-ին, չգտնելով նման իրադարձության վերաբերյալ տեղեկություն, հերքում է, իսկ մեկուկես ժամ անց հաստատում է, որ տեսանյութի հատվածը ամսի 17-ին տեղի ունեցածի տեսագրության մի մասն է, որի մասին տեղեկությունն արդեն իսկ եղել է լրատվական դաշտում:
3) Ես հրապարակում եմ ՊՆ-ի պարզաբանումը՝ հստակ նշելով, որ ըստ ՊՆ-ի՝ նման բան տեղի չի ունեցել, հետագայում վկայակոչելով նույն աղբյուրը՝ թարմացնում ինֆորմացիան՝ կրկին հղում տալով ՊՆ հայտարարությանը: Դրան հետևում է հարձակում իմ էջի վրա, հայհոյանքներ լուսանկարներիս տակ և տեղեկատվություն, թե իբր ես ջնջել եմ էջս:
Բոլոր այն օգտատերերը, որոնք իրենց թույլ են տվել հայհոյանքներ, վիրավորանքներ, արգելափակվել են: Հավելեմ նաև, որ վերադարձնում եմ բոլոր ասածներն իրենց գերադրական աստիճանով:
4) Անճարությունից և խուճապի մատնված օգտագործելով ստեղծված լարվածությունը՝ մի փաստաթղթի լուսանկար է հրապարակվում, ուր փակված է տեքստի 95%-ը և ներկայացվում է այն իբրև նոր փաստաթուղթ, որով իշխանությունը պատրաստվում է ինչ-որ բան հանձնել, զիջել: Ակնհայտ է, որ նման բան լինելու դեպքում փաստաթուղթը կհրապարակվեր ամբողջությամբ, իսկ այս դեպքում արվում է ամեն բան՝ խուճապ տարածելու համար:
5) Երեկ և դրանից առաջ գործի են դրվում տարբեր կլոունների գործողություններ, որոնք պետք է ապահովեն մարդկանց տեռորի ենթարկելու գործը: Համացանցում մեկնաբանություններ, տեսանյութեր գրելով՝ գիշերը փողոց հրավիրելով և հրահրելով:
Անկեղծ, զարմանում եմ, թե ինչպես կարելի է նմաններին լսել և թեկուզ 10-20 հոգով գիշերը գնալ ինչ-որ առևտրի կենտրոնի մոտ հավաքագրվել կամ գնալ Կառավարության շենքի մոտ:
Եվ այսպես, ի մի բերելով այն, ինչ տեղի է ունենում.
այս ամենն արվում է մի քանի պատճառով: Ակնհայտ է, որ դրսից ազդեցություն կա այդ մարդկանց վրա, նրանք ուղղակի կամ անուղղակի համագործակցում են մեր թշնամու հետ: Նպատակը՝ ներսում թուլացնել ՀՀ իշխանությունը, որպեսզի հաջողության հասնել դուրսը բանակցությունների ժամանակ:
Ակնհայտ է, որ զարգացումները, ի հեճուկս այն բանի, որ մենք պատերազմ ենք պարտվել 6 ամիս առաջ, ՀՀ-ի կողմից տարվում են ճիշտ և ավելի ամուր դիրքերից, քան սպասելի էր բոլորի համար, և պետք է դա թույլ չտալ:
Ակնհայտ է, որ ընդամենը 30 օր հետո կայանալիք ընտրություններին իշխող ուժը բացարձակ առաջատար է, դա թույլ տալ չի կարելի ոչ մի գնով:
Ակնհայտ է, որ նպատակ կա վարկաբեկել ՀՀ իշխանության խոսքը, որպեսզի հնարավոր լինի սեփական օրակարգը թելադրել, և ՊՆ-ի երեկվա բացթողումը լավ առիթ էր:
Եվ վերջում. այն փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրև պարտություն, իսկ իրականում շատ կարևոր և հայկական կողմին ձեռնտու, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ և խուճապ է առաջացրել «ադրբեջանամերձ ընդդիմադիր» հատվածում:
Ի՞նչ անել:
Լցվել համբերությամբ, ուժով և պատրաստակամությամբ՝ լուծելու այս հարցը:
Թույլ չտալով, որ մեզ մանիպուլացնեն, խաղան մեր զգացմունքների և արժանապատվության հետ՝ ուղղորդելով այն իրենց ուզած ուղղությամբ և ամսի 20-ին ավարտի հասցնել այն ինքնամաքրման պրոցեսը, որը սկսել ենք 2018 թվականի հեղափոխության օրը:
2021 թվականի հունիսի 20-ին ընտրություններին, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են ՀՀ նորագույն պատմության բոլոր 4 ղեկավարները, ժողովուրդը պետք է իր դատավճիռը կարդա այդ օրը:
Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում