Երևան-Բաթում-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

Հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթում-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։

Ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, հուլիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթում։

Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացնում է, որ կատարվում է հնարավորինը սողանքի հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ: Երևանից Բաթում հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն։

ՀԿԵ ընկերությունը կկատարի իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ իրենից անկախ հանգամանքների պատճառով հասցրած անհարմարությունների համար։

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ