Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 6-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, խորհրդի նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների 128 պատվիրակներ: Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Հայաստանի Հանրապետության գործունեությունը մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահական գերակայությունների իրականացման համատեքստում։ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամ, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր հերթին կանդրադառնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքի և կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իր հերթին կխոսի ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործման միջոցառումների մասին։ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին կներկայացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովրդավարական ընտրությունների, ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության իրավական ստանդարտի մշակման մարտահրավերները հասարակական-քաղաքական ոլորտում։

Նիստի ընթացքում կքննարկվի 2021-2025 թվականների ռազմավարությունը, ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորումը և կառույցի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են