Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվել է մոտ 85 քաղաքացի

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի նկուղից մինչև 17-րդ տարածված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվել է մոտ 85 քաղաքացի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայրիկ Մուրադյան փողոցի թիվ 42/2 տասնութ հարկանի շենքի 8-րդ հարկի մակարդակում՝ մալուխների հորանում, և տարածվել 0-ից 17-րդ հարկ։

Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ․ մոտ 85 քաղաքացի տարհանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։

Նշվում է, որ այրվել են մալուխներ, էլեկտրական հաշվիչներ, 8-րդ հարկում՝ 3 բնակարանի մուտքի դուռ (երկուսը՝ ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի), շքամուքը՝ ամբողջությամբ, որպես խորդանոց օգտագործվող 4 դարակաշար և 1-ին հարկում գտնվող գրախանութ-տպարանում՝ մոտ 2 խմ գիրք և թղթեր:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում