«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019 թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները:

Ավելին` 2019-2020 թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:

Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019 թ. նոյեմբերից 2021 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Բացի այդ, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020 թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022 թ. Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան