Երկու տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՃՈ տեսուչներ

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թ.-ն, Ռ. Ն.-ն և Գ. Ե.-ն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված՝ երկու տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 5000-20000 ՀՀ դրամ գումար:

19.01.2023 թ. ՃՈ տեսուչներ Գ. Ե.-ն և Ռ. Ն.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 20.01.2023 թ. նույն կասկածանքով ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչ Ն. Թ.-ն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները