Երեկ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ որեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։

Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։

Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։

Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։

Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։

Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը