Երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը պատասխանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:
«Գիտեք, այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ-ի հետ ունեցած դաշինքի վերաբերյալ, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն: Այժմ նրանք տեսնում են, որ դա այնքան էլ այդպես չէ, և մենք օգնություն չենք ստանում: Ավելին, դուք գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը, սակայն մենք տեսանք, որ բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունն իրեն չարդարացրեց:
Ավելին, մենք, Ռուսաստանի և մյուս երկրների պես, անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել, և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մենք իսկապես հավատում ենք վերջինիս սկզբունքներին, և հասկանալի է, որ դա մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Այսպիսով, հասարակության մեջ ձևավորված արժեքների տեսանկյունից մենք մոտեցել ենք ԵՄ-ին և արևմտյան երկրներին: Անվտանգության առումով, Հայաստանի բնակչությունը հոգեբանորեն իրեն կապված էր տեսնում Ռուսաստանի հետ: Այժմ, այդ երկրորդ բաղադրիչը փլուզվել է, և մարդիկ չեն տեսնում այլ պատճառ, որը կխոչընդոտեր ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը»,- ասել է Միրզոյանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ