Երասխավանի մոտակայքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրգործը վերաորակվել է ավելի ծանր պատիժ նախատեսող հոդվածով

Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն): Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:

«Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր ՌԴ ՔՕ 351-րդ հոդվածի (չվերթների կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան) համաձայն, վերաորակվել է առավել ծանր հոդվածի՝ 105-րդ հոդված մաս 2 (երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս մասնավորեցրել է, որ եթե առաջին հոդվածի պարագայում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդով՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրն ընդգծել է, որ տվյալ որոշումն ընդունվել է գործի շրջանակներում իրականացված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում:

«Չնայած հանցագործության ակնհայտությանը՝ քննիչները պետք է սկզբում գործ հարուցեին այն հոդվածով, որով սովորաբար հետաքննվում են նման միջադեպերը, այնուհետև նոր նյութեր հավաքեին գործի առավել հստակ դասակարգման համար, ինչն էլ արվել է»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս դժվարացել է նշել, թե որքան կտևի գործի քննությունը: Նրա խոսքով՝ գործի քննությունը վարում են Գյումրիի ռուսական բազայում գտնվող ռազմական քննիչները:

Հիշեցնենք, որ ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռն ադրբեջանական ուժերի կողմից խոցվել է անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում: Կատարվածի հետևանքով երկու ռուս զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մի-24 ուղղաթիռը պատահաբար է խոցվել:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում