«Առանձին սահմանափակումներ և վարչական մեթոդներ խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման կանխատեսելիությունը: ՀՀ-ն մշտապես երաշխավորում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների համար ոչ խտրական, բարենպաստ պայմաններ: Եվ ակնկալում ենք, որ նման մոտեցում գործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Մենք համարում ենք սկզբունքորեն կարևոր, որ ապրանքների ներմուծման վրա ազդող որոշումները անդամ պետություններում կայացվեն ԵԱՏՄ օրենքների և իրավասու մարմինների միջև կառուցողական գործակցության պայմաններում: Հակառակ մոտեցումը բացասաբար կանդրադառնա ԵԱՏՄ զարգացման և միության նկատմամբ պետությունների քաղաքացիների ու գործարար շրջանակների վերաբերմունքի վրա: Դա ժամանակի ընթացքում դառնում է ոչ թե առանձին պետության, այլ ամբողջ միության խնդիրը: Հարկավոր է ամրապնդել փոխվստահությունը: ԵԱՏՄ նպատակներին դեռ չենք հասել, ուստի գործնականում պետք է արագացնենք մեխանիզմների համաձայնեցումը:
ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս երկիրների ղեկավարների 2026-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն են հայտնում Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ինչպես հայտնի է, 2025-ին ՀՀ-ն ընդունել է օրենք, որով մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Այդ օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելն է: Մենք հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, սակայն օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ն այսօր իրական հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ: Դրա համար անհրաժեշտ կլինեն նաև ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և ՀՀ քաղաքացիների որոշումը: Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակցելու հայտով, այնուհետ ՀՀ-ն պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Առնվազն այս փուլերը չանցնելու դեպքում հանրաքվե անցկացնելու բովանդակային իմաստը նշանակություն չի ունենա: Դա կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխանել մի հարցի, որն այս պահին դեռ գոյություն չունի: Այլ կերպ ասած՝ կակնկալենք որ ՀՀ քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկն այս պահին գոյություն չունի: Դա անհարգալից վերաբերմունք կլինի մեր քաղաքացիների հանդեպ և չի ունենա բավարար լեգիտիմություն»,- նշել է նա: