Եվրամիության դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն դժգոհ է ՀՀ-ում ԵՄ առաքելությունից

Բաքվում ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Գերատեսչությունում դիվանագետին դժգոհություն են հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իբր հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Ըստ ադրբեջանական կողմի՝ առաքելությունը փոխվստահության ձևավորման փոխարեն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց։

«Առաքելությունը, ըստ էության, նպաստում է «հեռադիտակային դիվանագիտությանը»՝ նպաստելով եվրոպական տարբեր պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպմանը սահմանամերձ շրջաններ, և բոլոր նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի նկատմամբ ատելություն տարածելու, ինչպես նաև անհիմն ադրբեջանաֆոբիան ընդլայնելու նպատակով»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը դժգոհություն է հայտնել նաև, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով առաքելության դիտարկումներն ավելացել են՝ չնայած «սահմանին աննախադեպ անդորր է տիրում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու, որ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելությունը գործի որպես չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն՝ իր հայտարարած մանդատի համաձայն։ «Արտաքին գործերի նախարարությունը ԵՄ-ին նաև կոչ է անում զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված կամ նրա լեգիտիմ անվտանգության շահերը շոշափող ցանկացած գործունեությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է