Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը

Եվրոպական խորհրդարանը կայացած քվեարկության արդյունքներով հաստատել է Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

«Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին.

– Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

– Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

– Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

– Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

Բացի այդ՝

– Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

– ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;

– ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար»,- ասված է հայտարարությունում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան