ԵՄ հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա. Միրզոյանը՝ ԵՄ դեսպանին

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր:

Գոհունակությամբ նշվել է բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից ակտիվ ներգրավվածության և տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման ուղղությամբ թիրախային, գործուն քայլեր իրականացնելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև այլ առանցքային բնագավառներում արձանագրված ձեռքբերումների և առկա հեռանկարների շուրջ:

Երկուստեք արժևորվել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ընդգծվել է հետագա ակնկալվող դինամիկան: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵՄ հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, և դրա հետագա հարստացումը միտված է ՀՀ քաղաքացիների, հասարակության համար էական, շոշափելի արդյունքների ապահովմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանում հարատև կայունության հաստատման տեսլականին, դրա իրականացմանը միտված, այդ թվում՝ ԵՄ ներգրավվածությամբ և աջակցությամբ տարածաշրջանային ծրագրերին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում