Եղիսաբեթ 2-րդը հայտնել է հաջորդ թագուհու անունը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան ստանա «թագուհի կոնսորտ» տիտղոսը, երբ արքայազն Չարլզը թագավոր դառնա: Այս մասին հայտնում է BBC News-ը։

Իր կառավարման 70-ամյակին նվիրված ուղերձում թագուհին հայտարարել է, որ «անկեղծորեն ցանկանում է», որ Կամիլան ստանա այդ տիտղոսը, «երբ գա այդ ժամանակը»: Թագուհու ուղերձը, որը նվիրված է 1952 թվականին գահը ստանձելուն, ուղղակիորեն անդրադառնում է Քորնուոլի դքսուհու ապագա տիտղոսի չլուծված հարցին: Ավելի վաղ ենթադրություններ էին հնչել, որ Կամիլան կդառնա «արքայադուստր-կոնսորտ»:

Կլարենս հաուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ արքայազն Չարլզը եւ Քորնուոլի դքսուհին «շոյվել են» թագուհու խոսքերից։

Եղիսաբեթ Երկրորդը փետրվարի 5-ին հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Սանդրինհեմում՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: Սանդրինհեմյան պալատում ընդունելությունը դարձել է խոշորագույն հրապարակային միջոցառումը, որին թագուհին ներկա է եղել Վինձորի ամրոցում ընդունելության ժամանակներից ի վեր։

2022 թվականի փետրվարի 6-ին լրանում է Եղիսաբեթ Երկրորդի գահակալության 70-ամյակը։ Այդ օրը մահացել է նրա հայրը՝ Գեորգ VI թագավորը։ Թագուհին Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին միապետն է, որը կնշի կառավարման պլատինե հոբելյանը։

Related posts

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին. Վահան Կոստանյանը՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին