ԵԽ-ում ՀՀ դեսպանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները

Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։

Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Դեսպանը կոչ է արել Նախարարների կոմիտեին լինել հետևողական և ձեռնարկել հստակ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից Ադրբեջանին զսպելու համար։

Ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին։

Այս առիթով դեսպանն ընդգծել է, որ հանձնակատար Միյատովիչի արձանագրումները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումները։

Դեսպան Խաչատրյանը ելույթը եզրափակել է՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործընթացին։

Related posts

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին