ԵԽ լիտվացի պատգամավորը մեղադրել է Եվրամիությանը հայ-ադրբեջանական պատերազմում պասիվ դիտորդի դերում մնալու համար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ Եվրամիությունը հանդես էր գալիս պասիվ դիտորդի դերում: Եվրամիությունը չօգտագործեց իր ազդեցությունը՝ կանխելու այդ գործողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Renew Europe» խմբավորման անդամ, լիտվացի պատգամավոր Պետրաս Օշտրավիչիուսը:

«Եվրամիությունը պետք է նախաձեռնի ու ակտիվորեն մասնակցի խաղաղության գործընթացին ու աջակցի իր կարևոր արևելյան գործընկերներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին այդ թվում և վստահության կառուցման, համագործակցության ու տևական խաղաղության հաստատման գործում»,- նշեց լիտվացի պատգամավորը:

Նա տեղի ունեցած պատերազմը իսկական ողբերգություն անվանեց հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համար:

«Պետք է հնարավոր ամեն բան արվի՝ հակամարտությունից անցնելու դեպի խաղաղ համակեցություն: Ռազմագերիների, գերիների ու այլ կալանավորված անձանց ազատ արձակումը առաջ գնալու ճանապարհն է: Կարևոր չէ, թե քանի ռազմագերի է մնացել, մարդկային կյանքը սուրբ է»,- հայտարարեց Օշտրավիչիուսը՝ ընդգծելով, որ ռազմագերիների կյանքին ու առողջությանը պետք է ոչինչ չսպառնա, նրանց արժանապատվությունը չպետք է նսեմացվի:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին