ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները երկու արտգործնախարարներին հետ նաև համատեղ հանդիպում են անցկացրել: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահները հանդես են եկել իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ նպատակային միջոցառումների և հետագա հնարավոր քայլերի առաջարկով: Համանախագահները շեշտել են իրենց շարունակական վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից իրականացվող բոլոր անհրաժեշտ միջոցառումներին և գործողություններին:

Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի ու ԵԱՀԿ գործող նախագահ, արտգործնախարար Անն Լինդեի հետ՝ ներկայացնելով նրանց նախորդ տարվա իրենց ջանքերը, այդ թվում՝ վերջին զարգացումները:

Համանախագահները ողջունում են 2020 թ. նոյեմբերից ի վեր երկու արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ ուղիղ երկխոսության միջոցով կրկին ներգրավվելու խաղաղ գործընթացում՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը: Համանախագահները վերահաստատում են իրենց հանձնառությունը` իրենց մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը` գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և  դրա հետևանքներն են»:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել