Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, միասնական դիտավորությամբ և այլ անձանց օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ կազմակերպելով և իրականացնելով օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարումը քաղաքացուն:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, իր կողմից կազմված պաշտոնական փաստաթղթում անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ օրենքով սահմանված կարգով անտառային նպատակային նշանակության, ընդհանուր 0.1063 հա մակերեսով 3 հողամասերը 2010-2012 թվականներին իր կողմից կայացված որոշումներով ընդգրկել է Դիլիջան համայնքի ֆոնդի հաշվեկշռում՝ դրանք նկարագրելով որպես բնակավայրերի այլ հողեր: Միաժամանակ Ա. Ս.-ն Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների օժանդակությամբ վերը նշված հողամասերի վերաբերյալ կազմել է գլխավոր կեղծ հատակագծեր, որոնցում անտառային նպատակային նշանակության հիշյալ հողամասերի նպատակային նշանակությունը նկարագրվել է կրկին որպես բնակավայրերի հող, իսկ գործառնական նշանակությունը՝ այլ հողեր:

Հողամասերի նկատմամբ Դիլիջան համայնքի իրավունքը պետականորեն գրանցելու որոշումները և դրանց հիման վրա թողարկված կեղծ հատակագծերը Ա. Ս.-ն ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, որի հիման վրա հողամասերի նկատմամբ գրանցվել է Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը, և տրվել են սեփականության իրավունքի վկայականներ: Այնուհետև վերը նշված 2 հողամասերը ներկայացվել են աճուրդի, որի արդյունքում հաղթող է ճանաչվել առավելագույն՝ 1.113.000 և 1.596.000 ՀՀ դրամ առաջարկած Խ. Ա.-ն: Իսկ երրորդ՝ 160.0 քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, Ա. Ս.-ն 198.720 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել է նույն անձին: Արդյունքում նշված 3 հողամասերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր, որի նկատմամբ գրանցվել է Խ. Ա.-ի սեփականության իրավունքը:

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա. Ս.-ն, տեղեկացված լինելով Դիլիջան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող՝ 0.3354 հա մակերեսով հողամասում իր մտերիմ անձի կողմից առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման ու իրականացված շինարարարության մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի մեջ նույն դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև Ա. Ս.-ն կառուցապատողի հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի հիմքով հիշյալ գույքի նկատմամբ իրավաբանորեն գրանցել է իր սեփականության իրավունքը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան