Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ ԲԴԽ) քննել և մերժել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով միջնորդությունը։ Միջնորդությունը ԲԴԽ նիստում ներկայացրել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ, դատավոր անդամ Հովիկ Շահնազարյանը և նույն հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Էլինա Գյուրջյանը:
Հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 19-ի N-Կ-7/2025 որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հանձնաժողովը 2025 թվականի հուլիսի 21-ի N-Կ-7/2025 որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ նշանակվել է դատական նիստ: Օգոստոսի 25-ին նշանակված նիստը հետաձգվել և նշանակվել է սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 22-ին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, և հոկտեմբերի 3-ին նշանակվել է որոշման հրապարակման օր:
Միջնորդության հիմքերը և ներկայացված փաստերը
Գործի նյութերից պարզվում է, որ դատավոր Վահագն Թորոսյանը քննել է թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Հովհաննեսի Խանամիրյանի ընդդեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «ԹիԴի» ՍՊԸ-ի, Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ 31.10.2022թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 31/10/22-1 պայմանագրի անվավեր ճանաչման և անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասին:
Դատարանի վճռից պարզվում է, որ Դատավորի կողմից հիշյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում կողմերին չի բացահայտվել իր և «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխհարաբերությունների մասին, մինչդեռ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված՝ Դատավորի կենսագրական տվյալների համաձայն՝ վերջինս 2009-09.06.2020թթ. համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոն:
Հաղորդում ներկայացրած անձը պնդել է, որ Դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, չնայած որ գոյություն է ունեցել ակնհայտ շահերի բախում:
Դատավորի դիրքորոշումը
Իր բացատրությամբ դատավոր Վահագն Թորոսյանն ընդունել է, որ 2009-09.06.2020թթ. համատեղությամբ աշխատել է «Ֆլեշ» ՍՊԸ-ում որպես իրավաբանական բաժնի պետ: Սակայն նա փաստարկել է, որ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործը նրա կողմից որևէ կերպ կանխակալորեն չի քննվել և որևէ կանխապաշարմունքից և նախատրամադրվածությունից զերծ է եղել:
Դատավորը նաև նշել է, որ իր աշխատանքային հարաբերություններն ընկերության հետ դադարել են ավելի քան 6 տարի առաջ, և գործով քննվող վեճը վերաբերել է 2022թ-ին կնքված գործարքի, որի ժամանակ ինքը այլևս չի աշխատել «Ֆլեշ» ընկերությունում:
Բարձրագույն դատական խորհրդի գնահատականը
ԲԴԽ-ն մանրակրկիտ ուսումնասիրելով ներկայացված փաստական հանգամանքները և կիրառելի իրավական նորմերը, արձանագրել է, որ Դատավորի՝ ինքնաբացարկ չհայտնելու արարքը չի պարունակում կարգապահական պատասխանատվության ենթակա արարքի հատկանիշներ:
ԲԴԽ-ն հատուկ ընդգծել է, որ Դատավորի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջև աշխատանքային հարաբերություններն ավարտվել են ավելի քան 4-5 տարի առաջ, իսկ գործով քննվող իրավահարաբերությունը ծագել է շուրջ 2 տարի առաջ՝ 2022թ-ին:
Համաձայն Բարձրագույն դատական խորհրդի՝ «այդ ժամանակահատվածը բավարար է աշխատանքային բնույթի կապերի նվազեցման և դատավորի՝ գործն անկողմնակալ քննելու հնարավորության համար»: Այս տեսանկյունից, «Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի իրավակարգավորումների շրջանակներում դատավորը պարտավոր չէ կողմերին բացահայտել այն հանգամանքներն ու փաստերը, որոնք չեն հանդիսանում դատավորի ինքնաբացարկի հիմքեր»:
Ամփոփում
ԲԴԽ թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշմամբ մերժվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:
ԲԴԽ-ի գնահատմամբ՝ դատավորի նախկին աշխատանքային հարաբերությունները պատասխանող կազմակերպության հետ, որոնք ավարտվել են ավելի քան 4-5 տարի առաջ, չեն կարող համարվել բավարար հիմք ինքնաբացարկի համար, հատկապես հաշվի առնելով, որ վիճարկվող իրավահարաբերությունները ծագել են այդ հարաբերությունների դադարեցումից հետո:
Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել միայն այնպիսի փաստերի դեպքում, որոնք հանդիսանում են օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքեր, իսկ տվյալ դեպքում նման հիմքեր առկա չեն,- այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։