Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 7-9-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցում է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովին (AIM Congress 2026), որն այս տարի անցկացվում է «Գլոբալ բարգավաճման վերափոխում. ներդրումային նոր ուղիների բացահայտում՝ հանուն կայուն և ներառական ապագայի» խորագրի ներքո։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Սեպտեմբերի 7-ին «Ապագայի տնտեսություններ» հարթակի շրջանակում անցկացված «ԱԲ ռազմավարական ենթակառուցվածքային ներդրումների ընդլայնում՝ թվային տնտեսություններ կառուցելու համար» խորագրով պանելային ձևաչափով քննարկմանը Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տեսլականը արհեստական բանականության ենթակառուցվածքների, գերհամակարգչային հաշվարկների և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։
Ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է փոքր և զարգացող տնտեսություններում արհեստական բանականության ազգային էկոհամակարգերի ձևավորման և ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծման հնարավորություններին։ Նա ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) կարողությունների զարգացման Հայաստանի փորձը, «ԱԲ գործարանների պարտեզ» կոնցեպտը, տաղանդների զարգացմանն տեսանկյունից «ԱԲ վիրտուալ ինստիտուտի» նախաձեռնությունը, ինչպես նաև կիբեռանվտանգության և պատասխանատու ԱԲ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Գևորգ Մանթաշյանն ընդգծել է միջազգային համագործակցության և պետություն-մասնավոր հատված գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ նման համագործակցություններն առանցքային են համաշխարհային արհեստական բանականության արժեշղթաներում Հայաստանի դիրքի ամրապնդման և երկրի տեխնոլոգիական ներուժի իրացման համար։
15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովը (AIM Congress 2026) մեկ հարթակում համախմբում է տարբեր երկրների պետական կառավարման, տեխնոլոգիական և ներդրումային ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու թվային, էներգետիկ և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, ներդրումային նոր հնարավորությունների և գլոբալ մրցունակության ամրապնդման ուղիները։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել