Մեծ Բրիտանիայում երեք մարդու գենետիկական նյութով 8 երեխայի են լույս աշխարհ բերել՝ նպատակ ունենալով կանխել ծանր և հաճախ մահացու հիվանդությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից մշակված մեթոդը համատեղում է մոր ձվաբջիջը և հոր սերմնահեղուկը դոնոր կնոջ երկրորդ ձվաբջջի հետ։Այս մեթոդը երկրում օրինական է եղել մեկ տասնամյակ շարունակ, բայց այժմ առաջին անգամ ապացուցվել է, որ դրա միջոցով կարելի է լույս աշխարհ բերել երեխաների, որոնք զերծ են անբուժելի միտոքոնդրիալ հիվանդությունից։Այս հիվանդությունները սովորաբար փոխանցվում են մորից երեխային՝ օրգանիզմը զրկելով էներգիայից։ Հիվանդությունը կարող է լուրջ հաշմանդամություն առաջացնել, իսկ երեխաների մի մասը մահանում է ծնվելուց օրեր անց։ Զույգերն իմանում են, որ ռիսկի խմբում են, եթե նախկինում ունեցել են նման հիվանդություններով երեխաներ, կամ եթե նման հիվանդություն է եղել ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ մոր մոտ։Երեք մարդու ԴՆԹ-ով ծնված երեխաները ժառանգում են իրենց ծնողների ԴՆԹ-ի մեծ մասը, բայց մի փոքր մաս՝ 0,1%-ը, ժառանգում են դոնոր կնոջից, և այս փոփոխությունը փոխանցվում է սերնդեսերունդ։BBC-ն նշում է, որ 5000 երեխայից մեկը ծնվում է միտոքոնդրիալ հիվանդությամբ։ Երեք մարդու ԴՆԹ-ով երեխաներ լույս աշխարհ բերելու մեթոդը մշակվել է Նյուքասլի համալսարանի գիտնականների կողմից 2015 թվականին։ Մեծ Բրիտանիան աշխարհի առաջին երկիրն է, որ օրենքներ է ընդունել այս մեթոդը կիրառելու համար։