ԲԿ-ում ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել. չորս անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված խոշոր և առանձնապես խոշոր չափի գույքերի հափշտակություն։

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ.Պ․-ի կողմից, 2017 թ․ մայիսից մինչև 2019 թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ն նույն բժշկական կենտրոնում համատեղության կարգով ճառագայթային ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքում հրամանագրվել է աշխատանքի՝ որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նման հաստիք նախատեսված չի եղել։ Նշված ժամանակահատվածում, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, Գ.Զ․-ի անվամբ լրացուցիչ հաշվարկվել և բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4.486.560 ՀՀ դրամ աշխատավարձ:

Պարզվել է նաև, որ 2014 թ․ սեպտեմբերից մինչև 2019 թ․ ընկած ժամանակահատվածում, նշված բժշկական կենտրոնում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել, իսկ Գ.Ա.-ն բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի կողմից վերջինին տրամադրված «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար, մինչդեռ բժշկական կենտրոնի բյուջեից Գ.Ա․-ին է վճարվել 10.004.931 ՀՀ դրամ աշխատավարձ։

Բացի դրանից՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ն 2013-2020 թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների վառելանյութի ծախսի վերաբերյալ կեղծ բովանդակությամբ ուղեգրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4.147.200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 10.472 լիտր բենզին։

Բժշկական կենտրոնի հանգուցյալ տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

«Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի և կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան