Բաքվից և Երևանից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի. Կրեմլ

Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ներկայում նախատեսված չեն:

«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում, հորդորում ենք չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի, մենք կշարունակենք մեր շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ», – ասել է նա։

Բացի այդ, ըստ Պեսկովի, «Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Հայկական կողմն ունի չորս վիրավոր:

Ադրբեջանը հայտնել է զոհի մասին:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին