Բաքուն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։

Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։

Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ