Բացահայտվել է պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքի վկայականի փոխանակման փորձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Ա.-ն 2020 թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ լրացել է իր՝ դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 20-ին տրված՝ B,C կարգի վարորդական իրավունքի վկայականի գործողության տասնամյա ժամկետը: 2022 թվականին հեռախոսազրույց ունենալով Գ. Խ.-ի հետ և իմանալով տարբեր պաշտոնատար անձանց հետ ձևավորած վերջինիս կապերի մասին՝ Գ. Ա.-ն խնդրել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, պաշտոնատար անձանց 300.000 ՀՀ դրամ տալու միջոցով փոխանակել իր՝ 2010 թ. տրված վարորդական վկայականը վավերականության նոր ժամկետով վկայականի հետ: Գումարի մի մասն այդ պահին, իսկ մնացածը՝ հետագայում տալու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գ. Ա.-ն ՌԴ-ից բանկային փոխանցման միջոցով 30.06.2022 թ. մոր անվամբ ուղարկել է 72.500 ՀՀ դրամին համարժեք 10.000 ՌԴ ռուբլի, որից 70.000 ՀՀ դրամը Գ. Ա.-ի պահանջով վերջինիս մայրը տվել է Գ. Խ.-ին, որն էլ հափշտակել է այն: Արդյունքում, Գ. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան