Բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ (Կաշառք տալը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե: 2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում